ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը 2025 թվականի հունվարից ի վեր տարբեր կատեգորիաների 85 հազար վիզա է չեղարկել, ինչը կրկնակի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Տեղեկությունը հայտնում է CNN–ը` հղում անելով գերատեսչության պաշտոնյայի։
«Հունվարից ի վեր Թրամփի վարչակազմը չեղարկել է բոլոր կատեգորիաների 85 հազար վիզա, ինչը կրկնակի շատ է նախորդ տարի հետ կանչված վիզաների թվից», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վիզաների շուրջ 50%-ն առնչվում է այն անձանց, որոնք իրավախախտումներ են կատարել։ Նշվում է, որ ութ հազար վիզա չեղարկվել է ուսանողների համար։
Հիշեցնենք` հունվարի 20-ին` ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում երդմնակալության օրը, իր առաջին ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացավ անհապաղ կասեցնել անօրինական ներգաղթյալների մուտքը ԱՄՆ տարածք և միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթաց սկսել։ Նա նաև արտակարգ իրավիճակի համազգային ռեժիմ սահմանեց՝ Միացյալ Նահանգների հարավային սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով: