«Սպարտակ» մարզադաշտում բացվել է հուշատախտակ և տրիբունա անվանակոչվել Սիմոնյանի անունով

Սիմոնյանի ընտանիքը Ռուսաստանի աշխատանքի հերոսի ոսկե մեդալը հանձնել է Մոսկվայի «Սպարտակի» թանգարանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Սպարտակի» տնային մարզադաշտում՝ «Լուկօյլ Արենայում», բացվել է անվանական հուշատախտակ՝ ի հիշատակ թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանի, 1956 թվականի օլիմպիական չեմպիոնի: Այժմ մարզադաշտի Ա տրիբունան կկրի նրա անունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Արարողությունը տեղի է ունեցել «կարմիր-սպիտակների» մարզադաշտում՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 18-րդ տուրում Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղից առաջ։ Արարողությանը մասնակցել են «Սպարտակի» նախկին խաղացողի դուստրը՝ Վիկտորյա Սիմոնյանը, թիմի նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցևը և Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության ղեկավար Ալեքսանդր Միրզոյանը:
Ինչպես Նիկիտա Սիմոնյանը մերժեց Ստալինի որդուն և տեղափոխվեց Հայաստան
Բացի այդ, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը և «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը պատրաստել են հատուկ հիշատակի ծրագիր. խաղից առաջ տեղի կունենա լազերային շոու, իսկ հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ: Թիմերը խաղադաշտ դուրս կգան հատուկ մարզաշապիկներով և սգո թևկապներով:
«Սպարտակ»-«Դինամո» խաղը կսկսվի ժամը 17:45-ին (Երևանի ժամանակով) և կնվիրվի 1956-ի օլիմպիական չեմպիոնի հիշատակին։
Հիշեցնենք` Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին 99 տարեկան հասակում։