Մահացել է անվանի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը

Արտավազդ Սահակյանը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50 հազար վիրահատություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. 72 տարեկան հասակում մահացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։ Լուրը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, 1–ին համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արմեն Մուրադյանը։
«Իր տեսակով անկրկնելի, մշտապես առույգ ու կենսախինդ կոչումով բժիշկ… Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից անժամանակ հեռացել է անվանի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Բագրատի Սահակյանը։ Կորուստը մեծ է համալսարանական ընտանիքի համար»,– գրել է նա։
Արտավազդ Սահակյանը «Հերացի» հիվանդանոցային համալիրի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավարն էր, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչը։
Արմեն Մուրադյանը նշել է, որ Սահակյանի ղեկավարած թիմի շնորհիվ մի շարք բարդ ու առաջին հայացքից անհավանական թվացող վիրահատություններ են կատարվել։
5 րոպե կլինիկական մահ և 240 ժամ վերակենդանացման բաժանմունքում. կյանքն այդ ամենից հետո
1984 թվականից Արտավազդ Սահակյանի ղեկավարած թիմի աշխատանքները ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, մի շարք այլ երկրների մասնագիտական հավաքների ժամանակ:
Մուրադյանը նշել է, որ Արտավազդ Սահակյանի բուժառուները ոչ միայն Երևանից ու մարզերից էին, այլև տարբեր աշխարհամասերից:
«Խորապես ցավում եմ անդառնալի կորստի կապակցությամբ։ Հանգչիր խաղաղությամբ, կոչումով բժիշկ...»,– նշել է ԵՊԲՀ ռեկտորը։
Ի դեպ, պլաստիկ և միկրովիրաբուժության բնագավառում բացառիկ միջամտություններ կատարող վիրաբույժ Սահակյանը մասնագիտական երկարամյա աշխատանքի ընթացքում կատարել է շուրջ 50 հազար վիրահատություն:
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցում վերականգնել են 55-ամյա տղամարդու պոկված դաստակը