Սպիտակ տունը «Washington Post» թերթն անվանել է «շաբաթվա մեդիահանցագործ»

ԱՄՆ վարչակազմը Սպիտակ տան պաշտոնական կայքում «ամոթի վիրտուալ սրահ» է «բացել»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Սպիտակ տունը «Washington Post» թերթն անվանել է «շաբաթվա մեդիահանցագործ»: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ վարչակազմը Սպիտակ տան պաշտոնական կայքում «ամոթի վիրտուալ սրահ» է «բացել»` նշելով այն ԶԼՄ-ներին, որոնք կեղծ և մոլորեցնող լուրեր են հրապարակում: Ավելի վաղ «շաբաթվա մեդիահանցագործներ» էին ճանաչվել «CBS News»-ը, «Boston Globe»-ը և բրիտանական «Independent»-ը: Այս բոլորը, վարչակազմի տվյալներով, խեղաթյուրել և չափազանցրել են նախագահ Դոնալդ Թրամփի` դեմոկրատներին պատասխանատվության ենթարկելու կոչերը:
Այս շաբաթվա արդյունքներով «մեդիահանցագործի» կոչումը «Washington Post»-ին է անցել մի նյութի համար, ըստ որի` Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Վենեսուելայի ափերի մոտ թմրավաճառների նավերի վրա ԱՄՆ-ի հարվածների ժամանակ հրամայել է սպանել բոլորին: Սեպտեմբերի սկզբին առաջին հարձակումից հետո հրամանատարներին հրահանգվել է երկրորդ հարվածը հասցնել, որպեսզի, ԶԼՄ-ի տվյալներով, սպանեն ողջ մնացածներին:
Սպիտակ տանը և հենց Պենտագոնում քննադատել են նյութը, այն անվանել սուտ և նշել, որ նման հարվածները համապատասխանում են պատերազմի օրենքներին:
Ըստ Սպիտակ տան` «Washington Post»-ը հրապարակել է այս չհաստատված պնդումը`փորձելով վարկաբեկել ամերիկացի զինվորականներին և հակաամերիկյան տրամադրություններ բորբոքել։
Թրամփը նշել Է ԱՄՆ-ի հսկայական արտաքին պարտքի պատճառները