Թրամփը գնահատել է Պուտին-Ուիտկոֆ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտնել է, որ Կիևի համար հակամարտության կարգավորման պայմանները զգալիորեն վատթարացել են Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում շատ լավ է անցել, ինչպես նաև զգուշացրել է Ուկրաինային կարգավորման պայմանների վատթարացման մասին։
«Նախագահ Պուտինը երեկ շատ լավ հանդիպում է ունեցել Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիտկոֆի հետ», – ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։
ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով՝ Ուիտկոֆն ու Քուշները բանակցություններից հետո վստահություն են հայտնել, որ Մոսկվան ուզում է վերջ դնել պատերազմին։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան տերը խոստովանել է, որ չի կարող կանխատեսել, թե ինչ արդյունքների կբերի Կրեմլում կայացած հանդիպումը։
«Ի՞նչ կստացվի այս հանդիպումից։ Չեմ կարող ասել, քանի որ տանգո պարելու համար երկուսն են պետք», – ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը կարծիք է հայտնել, որ Կիևի համար հակամարտության կարգավորման պայմանները զգալիորեն վատթարացել են Վլադիմիր Զելենսկու հետ իր հանդիպումից հետո։
«Գիտեք, երբ ես այդ գրասենյակում էի, ասացի հաղթաթղթերի բացակայության մասին։ Ես (Զելենսկուն – խմբ.) ասացի, որ դուք քարտեր չունեք։ Այդ ժամանակ էլ հենց պետք էր պայմանավորվել։ Այն ժամանակ շատ ավելի լավ պահ էր բանակցելու համար, բայց նրանք, իրենց իմաստությամբ, որոշեցին չանել դա։ Հիմա շատ բաներ նրա դեմ են»։
ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ ի հեճուկս Սպիտակ տան ղեկավարի խորհրդի՝ Զելենսկին որոշեց դա չանել։
Թրամփը նաև կրկնեց, որ ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսում Ուկրաինային օգնելու համար, նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք էլ երկիրը թալանում էին։
Նախօրեին երեկոյան Reuters-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյային, հաղորդել էր, որ Ուիտկոֆը և Քուշները Թրամփին զեկուցել են Պուտինի հետ իրենց ունեցած բանակցությունների արդյունքների մասին՝ դրանք որակելով որպես «հանգամանալից և արդյունավետ»։ Արդյունքների մասին նրանք տեղեկացրել են նաև ուկրաինական կողմին։
Մոսկվա մեկնելուց առաջ ամերիկյան պատվիրակությունը հանդիպել էր Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ դեկտեմբերի 2-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆին և ԱՄՆ նախագահի փեսա, «Affinity Partners» ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշներին: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը: