ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանից Հնդկաստան նավթի մատակարարումները սահուն են ընթանում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «India Today» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
««Նավթամթերքի և նավթի առևտուրը, ինչպես նաև Հնդկաստանում ռուսական նավթի սպառողների համար նավթամթերքի արտադրությունը սահուն են ընթանում»,– ասել է նա:
ՌԴ ղեկավարը նշել է, որ Հնդկաստանին պետք են Ռուսաստանից արտահանվող թե՛ նավթը, թե՛ նավթամթերքը, թե՛ պարարտանյութերը։
«Հնդկաստանի կառավարությունը սահմանափակումներ չի դնում մեր փոխադարձ առևտրի վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանց պետք են նավթն ու նավթամթերքը։ Հնդկաստանի կառավարությունը պետք է ընդլայնի ռուսական պարարտանյութերի գնումները, քանի որ դրանք մեծ նշանակություն ունեն հնդիկ ֆերմերների համար»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ Հնդկաստանը դարձել է Եվրոպայի ուղղությամբ նավթամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը ոչ միայն այն պատճառով, որ Նյու Դելին նավթ է գնում Ռուսաստանից:
Մոսկվան պատրաստ է քննարկել Հնդկաստանի կողմից ՌԴ-ից վառելիք գնելու հարցը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Պուտինը հարց է բարձրացրել, թե ինչու Հնդկաստանը չի կարող ռուսական վառելիք գնելու իրավունք ունենալ, եթե ԱՄՆ-ն նույնպես գնում է այն:
ԱՄՆ-ն ավելի վաղ 50 տոկոս մաքսատուրքեր էր սահմանել Հնդկաստանի դեմ՝ ռուսական էներգառեսուրսներ գնելու պատճառով։ Նյու Դելիում այդ քայլն անհիմն են համարում և մտադիր են շարունակել ՌԴ-ից նավթի գնումները: