Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պուտինը մանրամասներ է ներկայացրել ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից

Պուտինը Հնդկաստան այցից առաջ հարցազրույց է տվել հնդիկ լրագրողներին, որում մանրամասն խոսել է ամերիկացի ներկայացուցիչների հետ իր հանդիպման մասին և ներկայացրել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսլականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնդիկ լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ բանակցությունների ժամանակ ինքը ստիպված է եղել մանրակրկիտ քննարկել Վաշինգտոնի կողմից առաջարկված՝ Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագրի գրեթե բոլոր կետերը։
Նախագահի խոսքով՝ փաստաթուղթն առաջին անգամ էր ներկայացվել, ուստի քննարկումը զգալի ժամանակ է պահանջել։
Գրեթե 5 ժամ ձգված հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ի երեկոյան Կրեմլում։ Պուտինը ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին, ինչպես նաև ամերիկացի առաջնորդի փեսային՝ Ջարեդ Քուշներին։ Նրանց այցը կապված էր Ուկրաինայում հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկների քննարկման հետ։
Պուտինը նշել է, որ արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է, բայց ընդգծել է, որ հանդիպումն ինքնին անհրաժեշտ էր և ժամանակին։
Խոսելով Դոնբասի հարցի մասին՝ Պուտինը հիշեցրել է, որ Ռուսաստանը երկար ժամանակ փորձել է փոխգործակցություն հաստատել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների և Կիևի միջև, սակայն Ուկրաինան հրաժարվել է ճանաչել այդ կազմավորումները: Նախագահի խոսքով՝ երբ պարզ դարձավ, որ այդ տարածքները ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո են, Ռուսաստանը ստիպված էր ճանաչել դրանք:
Գնահատելով իրավիճակի հետագա զարգացումը՝ Պուտինը հայտարարել է, որ Կիևի կողմից վերահսկվող շրջանները կազատագրվեն կամ ուժային ճանապարհով, կամ ուկրաինական ստորաբաժանումների հեռացումից հետո:
«Կամ մենք ուժով կազատագրենք այդ տարածքները, կամ ուկրաինական զորքերը կհեռանան այդ տարածքներից և կդադարեն սպանել մարդկանց», – ասել է Ռուսաստանի առաջնորդը:
Պուտինը դեկտեմբերի 4-5-ը կայցելի Հնդկաստան՝ երկրի վարչապետի հրավերով: