ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. 54 տարեկանում մահացել է դերասան Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը՝ դերասանուհի Քսենյա Կաչալինան։ Նրա մահվան մասին հայտնել է դերասան Ալեքսեյ Ագրանովիչը։
«Քսենյա Կաչալինան մահացել է։ Մենք կարճ ժամանակ միասին ենք սովորել, ապա որոշ ժամանակ ընկերություն արել։ Նա առեղծվածային էր, բարդ և գրավիչ։ Այս ժամանակը և՛ նրանն էր, և՛ ոչ նրանը։ Քսյուշան չէր կարողանում հարմարվել», – գրել է Ագրանովիչը «Ինստագրամում»։
Shot–ի տվյալներով` դերասանուհու մարմինը հայտնաբերել է հենց Եֆրեմովը, որը գնացել է նախկին կնոջը տեսակցելու։ Ըստ լրատվամիջոցի` մարմինը հայտնաբերվել խիստ կեղտոտ բնակարանում` մահճակալի մոտ։
Կաչալինան հայտնի է «Տուրեցկիի մարշ» և «Ռոմանովներ. Թագակիր ընտանիք» հեռուստասերիալներում մարմնավորած իր դերերով։ Նա Միխայիլ Եֆրեմովի չորրորդ կինն էր և 2000 թվականին ծնված նրանց դստեր՝ Աննա-Մարիայի մայրը։ Ըստ ԶԼՄ–ների` դերասանուհին երկար տարիներ չարաշահել է ալկոհոլը։
Կաչալինան ծնվել է 1971 թվականին Սարատովում։ Երկու տարի սովորել է Սարատովի Սոբինովի անվան կոնսերվատորիայի դերասանական ֆակուլտետում (1987–1988), ավելի ուշ՝ 1995 թվականին, ավարտել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (ՎԳԻԿ)։ Նկարահանվել է «Երեք քույրեր», «Մութ ջրի վրա» և այլ ֆիլմերում։