Երևանն ու Բրյուսելը գործակցության նոր փաստաթուղթ ընդունեցին

ԵՄ–ն ՀՀ–ին 15 մլն եվրո կտրամադրի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ստորագրեցին համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կայա Կալասը։

«Համագործակցելու ենք վիզայի ազատականացման և անվտանգության ոլորտում։ 2025 թվականը կարևոր տարի էր ձեր երկրի համար` ավարտվեց Հայաստան – Ադրբեջան կոնֆլիկտը, և ԵՄ–ն աջակցում է ձեզ այս հարցում։ Հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվել է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին»,– ասաց Կալասը։

Նրա խոսքով` 15 մլն եվրոյով մի քանի ծրագրեր են իրականացնելու` ականազերծման հետ կապված աշխատանքներ, ինչպես նաև հիբրիդային պատերազմի շրջանակում աջակցություն։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ ՀՀ–ԵՄ-ի գործակցությունը ավելի լայն է, քան Շրջանակային համաձայնագիրը։
ՀՀ–ն կմասնակցի ԵՄ անվտանգության միջոցառումներին. ԱԺ–ն համաձայնագիր վավերացրեց
Նա հույս ունի, որ առաջիկայում Հայաստանը ԵՄ երկրների հետ կունենա առանց վիզային ռեժիմ։
Խոսելով անվտանգության և պաշտպանության ոլորտում ընդլայնված գործակցության մասին՝ Միրզոյանը նշեց, որ օգնության առաջին մասը` Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման համար, Հայաստանն արդեն ստացել է։