ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն օդի աղտոտվածության նոր պատճառ նշեց․ այժմ խնդիր է նաև Հայաստանի աշխարհագրական դիրքը։ Այս մասին Ավինյանը հայտնեց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
«Օդի որակը նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից։ Ցավոք, սա բավականին բարդ խնդիրներով է պայմանավորված՝ առաջին հերթին աշխարհագրական դիրքով։ Խնդիրը կապված է նաև եղանակային պայմաններով։ Իհարկե, լուծումներ կան ու դրանք շատ բարդ են։ Շատ դեպքերում Երևանի սահմաններից դուրս այդ լուծումները պետք է իրականացվեն։ Խոսքը հարյուրավոր հեկտարներով անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքների մասին է։ Դրանք որոշակի պատնեշ կարող են ստեղծել եկող քամիների համար»,- ընդգծեց Ավինյանը։
Նրա խոսքով՝ հնարավոր է, որ մոտ 10-15 կրիտիկական օր, որոնց մասին նախօրոք տեղեկացված լինեն, գուցե ստանդարտից դուրս վարչարարական աշխատանք իրականացնեն։ Կարծում է, որ 10-15 օրվա վարչարարությունը կարող է ազդել հետագա 40-60 օրվա վրա։ Ավինյանն ընդգծեց՝ խոսքն այն մասին չէ, որ այդ ընթացքում օդի որակը շատ կբարելավվի, այլ այն մասին է, որ կետային աշխատանքի դեպքում մոտ 20 տոկոսի ազդեցություն կարող է լինել։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ Տիգրան Ավինյանն օդի աղտոտվածության պատճառ էր նշել երևանյան բակերում տերևների այրումը և կոչ էր անում քաղաքացիներին փոքրիկ «գործարաններ» չստեղծել շենքերի մոտ։
Օդի աղտոտվածություն մեկ այլ պատճառ էլ, ըստ Ավինյանի, իրականացվող շինարարության ժամանակ առանց փոշեկլանիչ ցանցերի աշխատելն է։