Ինձ վերագրվող տեսագրությունները կեղծիք են. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Գործող իշխանությունների վարած քաղաքականության հետ կապված իր դիրքորոշումները հանրայնացնելուց հետո իրեն մի քանի անգամ հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. Իմ շուրջ աղմուկը քաղաքական դիրքորոշման համար է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ինքը՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը` հավելելով, որ թեպետ իր դիրքորոշումը դուր չի եկել իշխանություններին, միևնույն է, այսօր էլ ասում է, որ օր առաջ այս իշխանությունը պետք է հեռանան։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունների վարած քաղաքականության հետ կապված իր դիրքորոշումները հանրայնացնելուց հետո իրեն մի քանի անգամ հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն։
«Ըստ էության, ծանուցումներ չեն եղել, պարզապես եղել են հրավեր-հանդիպումներ, և մենք հանդիպել ենք։ Ընթացքում հնարավորություն ենք ունեցել, որ իրենց դիրքորոշումը ներկայացնեն, ես՝ իմը։ Իհարկե, ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու, սակայն հասկացել են, որ այն անձը չեմ, որի նկատմամբ սպառնալիքներով, վախի ներշնչմամբ հնարավոր լինի հասնել այնպիսի գործողությունների, որոնք չեն բխում իմ համոզմունքներից»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Քննչական մարմինների կողմից իրեն վերագրվող սկանդալային տեսագրություններին, նա հայտարարեց, թե դրանք իր հետ կապ չունեն։
«Իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար կամաչեմ։ Իհարկե, դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ասել եմ, որ բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց այդ վերագրումները ինձ բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ, կենսագրության հետ, իմ արածների հետ»,– ասաց Արշակ սրբազանը։
Սրբազանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ տեսագրությունները կեղծիք և սուտ են։
Հիշեցնենք` «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:
Իսկ նոյեմբերի 27-ին հայտնվեց հայտարարության տեքստ մի խումբ եպիսկոպոսների ստորագրությամբ։ Դրանում նրանք Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրում են այն բանում, որ նա, իբր, ամեն կերպ փորձում է կոծկել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի «սրբապղծությունը» և դրանով «հովանավորում է սրբապղծությունը»՝ նկատի ունենալով նախկինում հայտնված ինտիմ տեսանյութի պատճառով նրա շուրջ ծագած սկանդալը։
Նոյեմբերի 28-ին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նոյեմբերի 25-ին կատարված փորձաքննության արդյունքներով (նույն՝ ամսի 25-ին ստացված-խմբ.) հայտնի տեսանյութերում պատկերվածը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։