ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Եվրամիության երկրները չեն ուզում իրենց վրա համերաշխ պարտավորություններ վերցնել և կիսել ռիսկերը, որոնք կապված են Ուկրաինայի համար ՌԴ ԿԲ ակտիվների օգտագործման հետ։ Այս մասին հայտարարել է Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն X սոցցանցում:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն այսօր հայտարարել է, որ ԵՄ մի շարք պետություններ դեմ են Ուկրաինայի համար կապիտալի համատեղ ներգրավմանը կամ համատեղ պարտքին՝ որպես ՌԴ ակտիվների օգտագործման այլընտրանք:
«Ուկրաինային անհրաժեշտ արագ ֆինանսական օգնությունը տրամադրելու լավագույն միջոցը սովորական համաեվրոպական վարկն է, այլ ոչ թե այնպիսի ճանապարհով գնալը, որը ո՛չ անհրաժեշտ իրավական որոշակիություն է ապահովում, ո՛չ էլ համակարգային ֆինանսական ռիսկերի վերացում։ Իզուր չէ, որ եվրոպական երկրները չեն ցանկանում համերաշխ պարտավորություններ ստանձնել և կիսել ռիսկերը, թեև մենք արդեն ամիսներ շարունակ ռացիոնալ կոչ ենք անում անել դա։ Այլապես ինչո՞ւ են հրաժարվում ռիսկերի նման փոխադարձացումից»,- նշել է Պրևոն։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նոյեմբերի 17-ին նամակ է հղել ԵՄ պետությունների ղեկավարներին՝ 2026-2027 թվականների համար Ուկրաինային ֆինանսավորելու երեք առաջարկով` ֆինանսական շուկաներում ԵՄ փոխառությունների հաշվին Կիևին տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկ, Ուկրաինային տրամադրել 2026-2027 թվականներին նրանց ՀՆԱ-ի 0,16-ից 0,27 տոկոսը՝ տարեկան առնվազն 45 միլիարդ եվրոյով կամ օգտագործել ՌԴ ակտիվները 185-ից 210 միլիարդ եվրոյի չափով՝ որպես Ուկրաինային վարկ տրամադրելու հիմք։
Եվրահանձնաժողովը համառորեն փորձում է հասնել ԵՄ երկրների համաձայնությանը Կիևի համար ռուսական սուվերեն ակտիվների օգտագործման հարցում։ Քննարկվում է վարկի տեսքով 185 միլիարդ եվրոյից մինչև 210 միլիարդ եվրո գումարի տրամադրումը, որը Ուկրաինան պայմանականորեն պետք է վերադարձնի հակամարտության ավարտից հետո և «Մոսկվայի կողմից նրան նյութական վնասի վճարման» դեպքում: Միևնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ուկրաինական կողմին փոխհատուցումներ վճարելու վերաբերյալ ԵՄ-ի գաղափարները կտրված են իրականությունից, Բրյուսելը վաղուց զբաղվում է Ռուսաստանի ակտիվների գողությամբ:
Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն և G7-ի երկրները սառեցրել են Ռուսաստանի ոսկու և արժույթի պահուստների գրեթե կեսը՝ մոտ 300 միլիարդ եվրոյի չափով: Դրանցից ավելի քան 200 միլիարդ եվրոն գտնվում է ԵՄ-ում, որից 180 միլիարդը՝ բելգիական «Euroclear»-ի՝ աշխարհի խոշորագույն հաշվարկային-քլիրինգային համակարգերից մեկի հաշիվներում։ Եվրահանձնաժողովը հայտնել է, որ ԵՄ-ն 2025 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 18,1 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից: