ԱՄՆ Պետդեպը հաստատել է ուկրաինացիների հետ հանդիպումը. Ռուբիոն նշել է առանցքային կետերը

Հանդիպումը տեղի է ունենում Ֆլորիդայում: Ռուբիոն հայտարարել է, որ կարևոր է ոչ թե պարզապես վերականգնել Ուկրաինան, այլ մտնել «տպավորիչ տնտեսական աճի դարաշրջան»:
Sputnik
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ ղեկավրաի փեսան` Ջարեդ Քուշները այսօր հանդիպել են Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունհ հաստատել է Պետդեպարտամենտը:
Հանդիպման սկզբում Ռուբիոն հույս է հայտնել, որ Ֆլորիդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման արդյունքում հետագա առաջընթաց կգրանցվի հակամարտության կարգավորման բանակցություններում:
«Խոսքը միայն պատերազմն ավարտելու մասին չէ, այլ դրանից որպես անկախ ու ինքնիշխան երկիր դուրս գալու մասին է, որն այլևս չի ենթարկվի նոր պատերազմի սպառնալիքի, և որի բնակիչները կբարգավաճեն: Ուկրաինան հսկայական տնտեսական ներուժ ունի, սակայն պատերազմի պայմաններում այն հնարավոր չէ բացահայտել»,- հայտարարել է նա։
ԱԱՊԾ քարտուղար Ռուստեմ Ումերովը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին 10 ամիս շարունակ ցուցաբերած աջակցության համար, ամերիկացի բանակցողներին «սուպերթիմ» է անվանել: Նա հայտարարել է, որ «ԱՄՆ-ն լսում է Ուկրաինային»։
Ավելի վաղ Ումերովը, որը գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցություններում, հայտնել է Ֆլորիդայում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպման մեկնարկի մասին:
Վլադիմիր Զելենսկին Ումերովին նշանակել էր պատվիրակության ղեկավար մասնակցելու ԱՄՆ-ի, Ուկրաինայի գործընկերների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ բանակցային գործընթացին նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնից հեռացված Անդրեյ Երմակի փոխարեն:
Պատվիրակության կազմում են նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Իգնատովը, ԱԳՆ-ի և հետախուզության ներկայացուցիչներ:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մասին նշելով, որ դրա մանրամասները դեռ չեն քննարկվի, քանի որ աշխատանքը դեռ շարունակվում է: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ բանակցությունների համար և մնում է Անկորիջի քննարկումների հարթակում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նոյեմբերի 21-ին ելույթ ունենալով ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում, հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ծրագիրը կարող է դրվել վերջնական խաղաղ կարգավորման հիմքում, սակայն ՌԴ-ի հետ առարկայական այդ տեքստն այս պահին չի քննարկվում:
Նրա ենթադրությամբ դա կապված է այն բանի հետ, որ ԱՄՆ վարչակազմին, հավանաբար, չի հաջողվում ստանալ Կիևի համաձայնությունը, քանի որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մինչև հիմա պատրանքների մեջ են և երազում են Ռուսաստանին «ռազմավարական պարտություն» հասցնել մարտի դաշտում։ Պուտինը նշել է, որ նրանց դիրքորոշումը կապված է մարտի դաշտում գործերի իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության բացակայության հետ։