Թվերը կարող են փոխվել․ Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմում զոհվածների մասին

Ալեն Սիմոնյանն օրեր առաջ գրառում էր արել սոցցանցերում` հրապարակելով 44–օրյա պատերազմի զոհերի նոր թիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված անձանց թիվը կարող է փոփոխվել, քանի որ դեռևս կան նաև անհետ կորած համարվող անձինք։ Այս ԱԺ–ում մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ պատերազմից ավելի քան 5 տարի անց Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում կատարեց` հայտնելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից եղել է 3833 զոհ, այդ թվում՝ 78 քաղաքացիական անձ, 3755 զինծառայող։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու են Սիմոնյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 44–օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրապարակած տվյալները տարբերվում իրարից։
«Ես այդ թիվը հրապարակել եմ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներից ելնելով։ Ինչ վերաբերում է թվերի էս կողմ, էն կողմ լինելու հանգամանքին, նաև վարչապետն է այդ թվի մասին խոսել՝ փոքր տարբերությամբ։ Այդ տարբերությունը 1200 երեխա չի եղել։ Մեր թվերը նաև փոխվել են, որովհետև ինչ-որ ծնողներ մասունքներից նաև ԴՆԹ են արել։ Բայց այս թիվը հնարավոր է` էլի փոխվի, որովհետև մենք 191 անհետ կորած անձ ունենք»,- ասաց Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ հասարակությունը պահանջում է զոհվածների անունները հրապարակել, ոչ թե ուղղակի թվեր, Սիմոնյանը նշեց, որ դրանք անձնական տվյալներ են, բայց ավելացրեց, որ որոշ ժամանակ անց հնարավոր է` հրապարակվեն։
«Զոհվածների անունները հրապարակելը ես չեմ որոշում։ Կարծում եմ, որ այս պահին ճիշտ չէ անուններ հրապարակելը։ Դե, չգիտեմ` ինչու ճիշտ չէ, անձնական տվյալներ են»,- ասաց խորհրդարանի խոսնակը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին Քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման, հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։