ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. ՉԺՀ-ի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի, այդ մասին ուրբաթ հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
«Հոնկոնգի հրշեջ վարչության տվյալներով՝ Wang Fuk Court բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի, ևս 79 մարդ տուժել է»,-ասվում է հրապարակման մեջ:
Հոնկոնգում նոյեմբերի 26-ին Wang Fuk Court բնակելի համալիրում բռնկված հրդեհը վերջին 17 տարվա ընթացքում ամենաուժեղն է։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհը սկսվել և տարածվել է բամբուկե փայտամածից, որոնք հավաքել էին շենքերի շուրջ՝ համալիրի վերանորոգման ծրագրի համաձայն։ Հրդեհը սկսվել է առաջին շենքում, այնուհետև կրակը տարածվել է ևս երեքում։
Հոնկոնգի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ կրակի այդքան արագ տարածումն անսովոր էր, և հայտարարել էին, որ հետաքննություն կանցկացնեն ողբերգության պատճառները պարզելու համար: Հրդեհի հետ կապված չկանխամտածված սպանության կասկածանքով ձերբակալվել է երեք մարդ: