ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Սևաստոպոլի բնակիչ է կալանավորվել, որը նախատեսում էր պայթեցնել ՌԴ նավատորմի 300-ամյակին նվիրված հուշարձանը, ինչպես նաև տեղեկություններ էր հավաքում ՌԴ ԶՈւ ռազմական օբյեկտների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԴԾ–ն։
Պարզվել է, որ Սևաստոպոլի 57-ամյա բնակիչը, որը ծնունդով Ուկրաինայի Վիննիցայի մարզից է, ուկրաինական ազգայնական գաղափարախոսության համախոհ լինելով` տեղեկություններ էր հավաքում ՌԴ ՊՆ–ի ռազմական օբյեկտների և տարածաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակումների հետևանքների մասին՝ տարբեր ուկրաինամետ առցանց ռեսուրսներում տեղադրելու համար։
Քննության տվյալներով՝ տղամարդը ծրագրում էր ինքնաշեն պայթուցիկ սարք գործարկել Սևաստոպոլում՝ Ռուսաստանի նավատորմի 300-ամյակին նվիրված հուշարձանի մոտ։
Հանցագործն ուսումնասիրել է ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման հրահանգները, ձեռք է բերել անհրաժեշտ բաղադրիչները և հավաքել է ռադիոկառավարվող բեկորա–ֆուգասային պայթուցիկ սրաք՝ օգտագործելով խառնուրդային պայթուցիկ նյութ։
Հանցագործի բնակության վայրի խուզարկության ժամանակ ինքնաշեն պայթուցիկ սարքն առգրավվել է։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 222.1 հոդվածի 1-ին մասի (պայթուցիկ սարքերի անօրինական պահպանում), 30-րդ հոդվածի 1-ին մասի և 205-րդ հոդվածի 3-րդ մասի (ահաբեկչական գործողություն կատարելու նախապատրաստում) հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Կասկածյալին պատիժ է սպառնում ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։