ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց անփոփոխ թողնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տղամարդու արդարացման վճիռը։
Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, դատարանն արդարացման վճիռ էր կայացրել Ալբերտ Առստամյանի նկատմամբ՝ նշելով, որ ապացուցված չի համարում մեղսագրվող հոդվածով սահմանված հանցակազմի առկայությունը։
Այս վճիռը օգոստոսի 7-ին դատախազությունը բողոքարկել էր։
«Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց դատախազ Ե․ Աբովյանի վերաքննիչ բողոքը մերժել, մայիսի 26-ի վճիռը թողնել անփոփոխ։ Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում՝ ստանալուց հետո մեկամսյա ժամկետում»,- վճիռը կարդաց դատավոր Վաչե Մարգարյանը։
Հիշեցնենք՝ Ալբերտ Առստամյանը 2024 թվականի օգոստոսին խնձոր էր նետել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, երբ վերջինն այցելել էր Երևանի Ռուբինյանց 2 հասցեում գտնվող իր հարազատներից մեկի տուն։
74-ամյա Առստամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) նախատեսված արարք կատարելու համար։