ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ընդդիմադիր քաղաքական ուժերին և հասարակական շրջանակին միավորվելու կոչ է անում։ ԱԺ–ում «ՀՀ–ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագծի լրացման համար հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ նա նշեց, որ իշխանության բռնաճնշումների պայմաններում պետք է մի կողմ դնել տարաձայնություններն ու միավորվել, որպեսզի իրավիճակի փոփոխություն լինի։
«Անկախ տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններից՝ գոյություն ունեն առանցքային օրակարգային հարցեր, որոնց շուրջ պետք է համագործակցել»,– ասաց Սաղաթելյանը։
Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց կետերը, որոնց շուրջ կարող են գործակցել ընդդիմադիր ուժերը։
«Բոլոր օրինական միջոցներով ձևավորել հակազդեցություն բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների նկատմամբ, Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն։ Պետք է առաջնորդվել «Որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է» սկզբունքով։ Այսինքն` եթե ՀՀ որևէ քաղաքացի հալածանքի է ենթարկվում այս իշխանության կողմից, մենք պետք է մեկտեղենք ջանքերն ու պայքարենք նրա իրավունքների պաշտպանության համար»,– ասաց Սաղաթելյանը։
Պատգամավորը հորդորեց ընդդիմադիր դաշտում բացառել միմյանց հանդեպ հակաքարոզչությունը, քանի որ, նրա խոսքով, ընդդիմությունն այսօր մի թիրախ ունի՝ այսօրվա չարիքի իշխանությունը։