Համերգ թռիչքի ժամանակ. Սրետենսկի վանքի երգչախումբը երգել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

Արտիստները Հայաստան են եկել դերասան Դմիտրի Խառատյանի հետ։
Sputnik
Սրետենսկի վանքի երգչախումբը հանպատրաստից համերգ է տվել «Աէրոֆլոտ» ընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում:
Երաժիշտներին ճանաչել են, և նրանք սկսել են երգեր կատարել իրենց երգացանկից։ Դրանց թվում էին «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմից հռչակավոր երգը, որի երաժշտության հեղինակն է ծագումով հայ խորհրդային կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևը, ինչպես նաև կոմպոզիտոր Մակար Եկմալյանի «Ով հայոց աշխարհ» հոգևոր երգը։
Ինքնաթիռում եղել է նաև դերասան Դմիտրի Խառատյանը։ Հայաստանում արտիստները կմասնակցեն «Ձգողականություն» միջազգային վավերագրական բազմասերիանոց կինոնախագծի նկարահանումներին՝ Ինտերնետի զարգացման ինստիտուտի աջակցությամբ (սա նախագիծ է Հայաստանի, Սերբիայի և մի շարք այլ երկրների հետ Ռուսաստանի հոգևոր և մշակութային կապերի մասին- խմբ.):
Ֆիլմի յուրաքանչյուր դրվագում գլխավոր հերոսը՝ հայտնի անձնավորություն, ճանապարհորդության է մեկնում դեպի իր տոհմի արմատները։ Այսանգամ հերոսը կլինի հայազգի հայտնիռուս դերասան Դմիտրի Խառատյանը։ Նկարահանումները տեղի կունենան Մեղրիում՝ Հայաստանի հարավում։
Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի դերասանը ծնվել է 1960 թվականի հունվարի 21–ին տեխնիկական կրթություն ունեցող Վադիմ Խառատյանի ու ինժեներ Սվետլանա Տիզենկոյի ընտանիքում։ Խառատյանները Մեղրիից են, մինչև 1917 թվականը դերասանի նախնիները Մեղրիում «Տարոն» առևտրի տուն ունեին։
Խառատյանը բազմիցս Հայաստան է այցելել։ Վերջին անգամ դերասանը Երևանում եղել է 2018 թվականի դեկտեմբերին։ Այն ժամանակ նա երկրպագուներին զարմացրել էր հայերենի իր իմացությամբ։ Թեև Խառատյանը մեկ քառորդով է հայ, Երևանում նա անընդհատ ընդգծում էր, որ ինքը հայ է։
Արտիստը բազմիցս ասել է. «Իմ գլխավոր դերը` որդու, հոր ու ամուսնու դերն է»։ Խառատյանը երկու անգամ է ամուսնացել, 2–րդ կնոջ` Մարինա Մայկոյի հետ նրանք արդեն 30 տարի միասին են։ Խառատյանն առաջին ամուսնությունից ունի դուստր` Ալեքսանդրա անունով, իսկ երկրորդ ամուսնությունից` որդի` Իվան անունով։