«Արջուկները փախչում են». Ֆիոլետովո գյուղի բնակիչներն օգնում են մարել անտառային հրդեհները

Նույնիսկ տեղի հնաբնակներն են զարմացած շրջակա անտառներում բռնկված հրդեհների մասշտաբից։
Sputnik
Անտառային հրդեհներ են բռնկվել Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսական տունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արդեն մի քանի օր է՝ հրդեհներ են մոլեգնում Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Հրդեհի մի քանի օջախ է արձանագրվել։ Փրկարարներին դեռևս չի հաջողվում ամբողջությամբ վերացնել հրդեհները, այդ թվում՝ անտառային գոտում, սակայն նրանք կանխել են դեպի բնակավայրեր կրակի տարածման վտանգը:
Այժմ կրակը մոտեցել է Լոռու մարզին։
«Թունելից անմիջապես հետո, երբ մտնում ես Տավուշ, համատարած հրդեհների գիծ է․․․ Փորձանք է, կարճ ասած: Պետական ուղղաթիռը թռչում է, մարում, դե մենք էլ ամբողջ գյուղով փորձում ենք հաղթահարել արհավիրքը»,-հայտնել է Ֆիոլետովոյի մոլոկանների համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչևը։
Նրա խոսքով՝ ինքը երբեք նման կրակ չի տեսել աշնանը, տեղի հնաբնակները նույնպես նման բան չեն հիշում։
Հրդեհը վախեցրել է նաև անտառի բնակիչներին։ Չիչևի նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես է արջը ձագերի հետ փորձում փրկվել։