ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Կրասնոդարի երկրամասն այս գիշեր զանգվածային հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, վնասվածքներ են ստացել երկրամասի 6 բնակիչներ, վնասվել է 20 տուն։ Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևն այս մասին հայտնում է տելեգրամյան ալիքում։
Նրա խոսքով՝ քաղաքների և շրջանների ղեկավարները օպերատիվ զեկուցում են իրավիճակի մասին։
Ինչպես նշել է տարածաշրջանի ղեկավարը, ամենաբարդ իրավիճակը Նովոռոսիյսկում է և Գելենջիկում:
Նովոռոսիյսկում, նախնական տվյալներով, վնասվել են 7 բազմաբնակարան և 7 մասնավոր տներ։ Տուժել է 4 մարդ, այժմ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ Քաղաքում ժամանակավոր տեղավորման կետ է բացվել։
Գելենջիկի Կաբարդինկա գյուղում վնասվել են մի քանի առանձնատներ, մեկ մարդ հոսպիտալացվել է։
«Շնորհակալություն մեր զինվորականներին, արտակարգ իրավիճակների և հատուկ ծառայությունների աշխատակիցներին համակարգված և օպերատիվ աշխատանքի համար»,– գրել է Կոնդրատևը:
Պաշտոնյան նշել է, որ տուժած համայնքներում կհաշվարկվի վնասի չափը, բնակիչներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։