ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում սպանված 3 տարեկան Տիգրան Օվանեսովի հորը` Արմեն Օվանեսովին, նոր մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին: Նշանակված փորձաքննությունների եզրակացությունը դեռևս չի ստացվել»,–հայտնեցին ՔԿ–ից։
Armlur.am–ն էլ գրում է, որ հայրը բռնություն է կիրառել նաև որդիներից մեկի նկատմամբ։
«3-ամյա Տիգրանի եղբայրներից մեկը նույնպես դեպքի օրը վնասվածքներ է ստացած եղել դեմքի հատվածում»,–հայտնում է լրատվամիջոցը:
Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, դատարանի որոշմամբ նա կալանավորվեց 2 ամսով։
Նոյեմբերի 4–ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմինը հրատապ նիստ է հրավիրել, և Օվանեսովների ընտանիքի երեխաներին անհապաղ տեղափոխել ՀՕՖ։