ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով ու առաջացնում է տուգանք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երևանյան բակերում տերևների այրման մասին բարձրաձայնեց ու ընդգծեց՝ այդ հրդեհից առաջացած վնասակար նյութերը շատ վտանգավոր են մարդու, շրջակա միջավայրի համար։
«Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում այրելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում։ Քաղաքացիների նկատմամբ այդ տուգանքը կազմում է 50 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 200 000 դրամի չափով»,- ասված է հաղորդագրությունում։
ԲԸՏՄ-ն նշել է նաև, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում: