ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության քննիչները հեռակա կարգով «Լասկովի մայ»-ի պրոդյուսեր Անդրեյ Ռազինին մեղադրել են բանաստեղծ Սերգեյ Կուզնեցովի հանդեպ առանձնապես խոշոր չափի խարդախության համար: Գործի նյութերում, որոնց ծանոթացել Է ՏԱՍՍ-ը, նշվում է, որ Ռազինի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել։
«Ռազին Անդրեյ Ալեքսանդրովիչի նկատմամբ որոշում է կայացվել հեռակա կարգով քրեական գործ հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (խարդախություն): Նրա նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել»,-ասվում է փաստաթղթում։
Իր հերթին Յուրի Շատունովի ընտանիքի փաստաբան Ասել Մուխտարովա-Կազարնովսկայան ՏԱՍՍ-ին հաստատել է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ Ռազինի դեմ քրեական գործ է հարուցվել 2021 թվականին դրամական միջոցների յուրացման փաստով, «որոնք պետք է լինեն բանաստեղծ Սերգեյ Կուզնեցովի արտոնագրված վարձատրությունը երգերի կատարման համար»։ Բանաստեղծ Կուզնեցովի այրին քրեական գործով ճանաչվել է տուժող կողմ։
Ռազինին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում։
Հետաքննության տվյալներով՝ պրոդյուսեր Անդրեյ Ռազինը երկար ժամանակ բանաստեղծ Կուզնեցովի հետ կեղծ պայմանագիր է օգտագործել՝ որպես «Լասկովի մայ» խմբի երաժշտական ստեղծագործությունների իրավատեր դրամական միջոցներ ստանալու համար։