ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ԶՈւ հիմնական առաքելությունը նրա պաշտպանունակությունն է, ոչ թե մարտական հերթապահությունը։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանի հարցին, թե նախարարությունն ինչպե՞ս է լուծելու մարտական հերթապահության թերհամալրվածության խնդիրը։
Բացի այդ, Գևորգյանն անդրադարձավ նաև եռամսյա վարժական հավաքներին, որոնք հիմա արդեն իսկ դարձել են 25–օրյա` հետաքրքրվելով, թե ինչի՞ն է միտված այս տենդենցը։
Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ տարիներ շարունակ հիմնական շեշտադրումն արվել է մարտական հերթապահության վրա, սակայն հիմա այլ ուղղությամբ պետք է շարժվել։
«Մարտական հերթապահությունն, անշուշտ, շատ կարևոր է, սակայն ավելի կարևոր է այն, որ ԶՈւ–ն զբաղվի ոչ թե այսպես կոչված պահակությամբ, այլ զբաղվի մարտական պատրաստվածությամբ և բարձրացնի իր կարողությունները»,– ընդգծեց նախարարը։
Ինչ վերաբերում է վարժական հավաքներին, ապա, ըստ Պապիկյանի` նպատակն այն է, որ ունենանք պահեստազոր, որն անհրաժեշտության դեպքում հավաքվի, պատկերացնի իր խնդիրը և դառնա բանակի կարևոր բաղադրիչ։
«44–օրյա պատերազմի հիմնական խնդիրներից մեկն էլ հենց պահեստազորի ոչ պատշաճ հավաքվելու կամ ոչ մարտունակ լինելու մեջ էր, այդ թվում` ներդաշնակության բացակայությունն էր, տարածքի, խնդրի ճանաչելիության պակասը։ Մարդիկ ունենք, որ 45 տարեկան են, սակայն երբևէ վարժական հավաքի չեն մասնակցել։ Սա աննորմալ երևույթ է։ Թե դա քանի տարվա խնդիր է, ով է պատասխանատու, ես կարծում եմ, որ բոլորս ենք պատասխանատու, քանի որ բավարար չափով ուշադրություն չենք դարձրել պահեստազորին»,– հայտարարեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ 2025 թ. վարժական հավաքներին ունեցել են 16 հազար, իսկ 2026 թ. համար նախատեսում են ունենալ 20 հազար պահեստազորային։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը դրական եզրակացությամբ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ` անհետաձգելի քննրկման։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30–ի, ՀՀ կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, և այն համարվեց անհետաձգելի։ Ըստ այս փոփոխությունների` 2026 թ. հունվարի 1–ից ՀՀ–ում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի։
Օրենքի փոփոխության մեջ նշվում է, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի պայմանագրային ծառայության աճի հաշվին:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թ. հունվարի 1–ից և կգործեն հունվարի 7–ին մեկնարկող ձմեռային զորակոչից սկսած։