ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Նախորդ շաբաթ Երևանի ներհամայնքային տրանսպորտում վարչական իրավախախտման համար տուգանքի որոշում է կայացվել 438 անձի նկատմամբ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պարտականությունները կատարող Ավետիք Բաբայանը։
«Ներհամայնքային տրանսպորտում վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 438 անձի նկատմամբ կայացվել են տուգանքի որոշումներ։ Մասնավորապես 334 տուգանքի որոշումը եղել է առանց տոմս երթևեկելու համար, թվով 5ը՝ այլ անձի տոմսից օգտվելու, իսկ թվով 99-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար»,- նշեց Բաբայանը։
Միաժամանակ քաղաքացիների կողմից ստացվել է թվով 124 վարչական բողոք, որոնցից 100-ը մերժվել է իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառաբանությամբ։ Ընդհանուր 24 գործի վերաբերյալ վարչական ակտերի բեկանման որոշումներ՝ հաշվի առնելով կատարման, վճարման, վավերացման և վալիդատորի հետ առկա խնդիրները։
Ծառայության կողմից ներհամայնքային տրանսպորտում հսկողական աշխատանքները սկսվել են օգոստոսի 19-ից և մինչ օրս զանցանք թույլ տված անձանց թիվը կազմում է 1180։ Դրանցից առանց տոմս երթևեկելու համար կազմվել է 860 վարչական ակտ, 91-ը՝ այլ անձի տոմսից օգտվելու և 229-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 14–ից ուժի մեջ է մտել հասարակական տրանսպորտի վճարման կարգը խախտելու համար 3-ից 15 հազար դրամ տուգանելու որոշումը։