Բարի կամք դրսևորելով եմ գալիս․ Քոչարյանը՝ դատական նիստերին ներկայանալու մասին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր գործով դատական նիստերի վերաբերյալ արհեստական բանականությանը հարցադրում է արել՝ արդյոք հնարավոր է առանց քրեական հոդվածի մեղադրյալի կարգավիճակ ունենալ։
Նշենք, որ ՍԴ որոշումից հետո, երբ հակասահմանադրական էր ճանաչվել Քոչարյանի և մյուսների գործով մեղադրանքի հոդվածը, բոլորի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։ Որոշումը բողոքարկվել էր, գործն անցել էր Հակակոռուպցիոն դատարան, որն այժմ քննում է նոր մեղադրանք առաջադրելու մասին մեղադրող կողմի միջնորդությունը։

«Ես դիմել եմ արհեստական բանականությանը՝ արդյոք հնարավոր է առանց քրեական հոդվածի մեղադրյալի կարգավիճակ ունենալ, կամ կա արդյոք այս երկրագնդի վրա այնպիսի մի երկիր, որտեղ դա հնարավոր է։ Շատ երկար աշխատելուց, ամբողջ այդ big data-ն մշակելուց հետո` ինձ ասել է՝ սա աբսուրդ է և անհնարին։ ԱԲ-ն ինձ ասաց, որ չկա աշխարհում նման դեպք, նույնիսկ վերջին 100 տարվա մեջ նման բան չի եղել։ Եթե մենք ողջամտությամբ շարժվենք, ապա մենք այս դատական նիստերին չպետք է գանք։ Ես այստեղ գալիս եմ, որովհետև երբ չեմ գալիս, ասում եք՝ խուսափում է։ Ավելի շատ այս նիստերին գալիս եմ բարի կամք դրսևորելով»,- նշեց Քոչարյանը։

Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ դատարաններին շրջաբերական է իջեցվել՝ դատական գործընթացների ողջամիտ ժամկետները պահպանելու և մոտավորապես մեկ տարվա ընթացքում տեղավորվելու հրահանգով։
Վերոնշյալի վերաբերյալ երկրորդ նախագահը շեշտեց՝ դատարանների վրա պլան է դրված, ինչին ի պատասխան Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը հակադարձեց։
«Ոչ ոք չի կարող պլան դնել, օրենքն է ժամկետներ սահմանում»,- նշեց Պետրոսյանը։
Նա վստահեցրեց՝ ինքը շրջաբերականներով չի առաջնորդվում, այլ միայն ողջամիտ ժամկետներով և արդյունավետությամբ։