Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է սկսենք նոր ճանապարհ. Արմեն Գևորգյանի հոդվածը

Պատգամավորն իր նոր հոդվածում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը պետք է մնա հիշողության ժողովուրդ, բայց ոչ անցյալի գերի։ Հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտության մասին իր հոդվածում այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ ԱԽ նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
Նա կարծում է, որ փոփոխված տարածաշրջանային իրականության պայմաններում Հայաստանը պետք է իմաստային մոտեցումներ ձևավորի բոլոր, այդ թվում` հայ-թուրքական հարաբերություններում։
«Նոր խոսակցությունը սկսվում է ոչ թե ողբերգությունից հրաժարվելով, այլ սեփական ուժի և գոյության իրավունքի ճանաչումով։ Մեր հիշողությունը պետք է դառնա հարգանքի, անվտանգության և ստեղծարարության հիմքը։ Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է սկսենք նոր՝ արժանապատվության, պատասխանատվության և ինքներս մեզ համախմբելու ճանապարհ»,– գրել է նա։
Միևնույն ժամանակ Գևորգյանը հիշեցնում է, որ հայկական հանրային մտքի մեջ Թուրքիայի հետ հարաբերությունների թեման երբեք սովորական դիվանագիտական հարց չի եղել։ Այն նախկին և գալիք սերունդների առաջ բարոյական հիշողության, ժողովրդի ճակատագրի և պատասխանատվության դաշտում է։
«Հայոց ցեղասպանության հիշողությունը և Արցախի ժողովրդի հիշողությունը չեն կարող անհետանալ՝ քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի փոփոխականության պայմաններում։ Հենց այդ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների նոր նարատիվները պետք է միավորեն հիշողությունն ու ողջախոհությունը՝ առանց զգոնության կորստի, առանց կամքի թուլացման, առանց պատրանքների»,– գրել պատգամավորը։
Նա հավելել է, որ պետք է ցավի հիշողությունից կարողանանք անցում կատարել արժանապատվության հիշողության ու ընդգծել, որ սա ոչ թե նշանակում է անցյալից հրաժարում, այլ նշանակում է հիշողությունը վերափոխել ուժի, մտահավաքության և քաղաքական հասունության:
Իրական առաջընթաց չենք տեսնում. «Ակոսի» խմբագիրը` հայ–թուրքական հարաբերությունների մասին
Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
2021 թվականի դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատեցին առանց նախապայմանների գործընթացն առաջ գնալու պատրաստակամությունը, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։
2024 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Նյու Յորքի «թուրքական տանը»՝ վերահաստատելով կարգավորման գործընթացը շարունակելու և դրան նոր թափ հաղորդելու մտադրությունը։ Մեկ տարի անց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան, որտեղ «Մարգարա» սահմանային անցակետում հանդիպել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:
Վեցերորդ հանդիպման ընթացքում ներկայացուցիչները քննարկել են կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը, մասնավորապես՝ սահմանի հատման կազմակերպման վերաբերյալ:
ՀՀ և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը սոցիալ–հոգեբանական առումով շարունակվում է. Փաշինյան