Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը միայն կօգնի. Միրզոյանը համաձայն չի Ֆիդանի հետ

Ավելի վաղ Ֆիդանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանին կզրկի Բաքվի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու դրդապատճառից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել է «Արմենպրեսին»՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությանը։
Նշենք՝ Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի համար կարևոր է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և եթե Թուրքիան դա անի հիմա, Հայաստանից կխլի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ամենամեծ դրդապատճառը։ Հաքան Ֆիդանը նաև ասել է, որ Նախիջևանը և Ադրբեջանը միացնող կապի հայեցակարգն ընդունվել է վաշինգտոնյան հանդիպման ընթացքում:
«Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումն իսկապես կարևոր են Հայաստանի համար: Նույն կերպ կարևոր է նաև Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը: Երկու ուղղությամբ էլ Հայաստանն անկեղծ ջանքեր է գործադրում: Միաժամանակ, սակայն, այս 2 բաղադրիչից որևէ մեկը մյուսով պայմանավորված չեն, և եթե անպայմանորեն փորձենք դրանց միջև պատճառահետևանքային կապ տեսնել, գուցե, պարզվի, որ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը կարող է ոչ թե բացասաբար, այլ ճիշտ հակառակը՝ դրականորեն անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վրա»,- ասել է Միրզոյանը։
Անդրադառնալով տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթաժողովում համաձայնեցվել են այդ գործընթացի հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն:
Ըստ Միրզոյանի՝ սրանց շրջանակներում սահմանված TRIPP ուղին կապելու է թե´ Ադրբեջանը Նախիջևանի հետ, թե´ Հայաստանն այլ երկրների հետ, թե´ ավելի լայն աշխարհագրությամբ տարածաշրջաններն իրար հետ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջոցով:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը վստահեցրել է՝ Հայաստանը շահագրգիռ կերպով ակտիվ ջանքեր է գործադրում այդ գործընթացը հնարավորինս շուտ կյանքի կոչելու ուղղությամբ:
Վաշինգտոնյան փաստաթուղթը նոյեմբերի 9–ի փաստաթղթի հետ գրեթե նույնաբովանդակ է. Քոչարյան
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։