ՀՀ–ում կենսաթոշակները և նպաստները 2026-ի ապրիլից կտրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տվյալներով` այս պահին կա կենսաթոշակ կամ նպաստ ստացող 661 հազար քաղաքացի, որոնցից կանխիկով գումար ստանում է միայն 60 հազարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ–ում բոլոր տեսակի կենսաթոշակներն ու պարբերական բնույթի մի շարք նպաստներ 2026 թ. ապրիլի 1–ից կտրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Որոշ դեպքերում, երբ գումար ստացողը 75 տարի և ավելի է կամ ունի խորը/ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, այդ գումարները կարող են վճարվել նաև կանխիկ»,– նշեց նախարարը։
Նա վստահեցրեց, որ միայն վերջին ամսում 10 հազարով իջել է կանխիկով նպաստ և կենսաթոշակ ստացողների թիվը։
2026 թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ–ում երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500.000 դրամ
Այս պահին կա կենսաթոշակ կամ նպաստ ստացող 661 հազար քաղաքացի, որից կանխիկով գումար ստանում է միայն 60 հազարը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7–ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում բոլոր աճուրդները, վաճառքները, անգամ տարեցների թոշակների տրամադրումըպետք է իրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։
Նա գործադիր մարմնի ներկայացուցիչներին երկու շաբաթ ժամանակ տվեց հարցը վերջնականապես լուծելու և հունվարի 1–ից բացառապես էլեկտրոնային եղանակին անցնելու համար։