ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ «Սրբազան պայքարի» գործով անցնող բլոգեր Արմեն Ալեքսանյանի նկատմամբ նոյեմբերի 26-ից կկիրառվի տնային կալանք և բացակայելու արգելք։ Քիչ առաջ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց հանրային դատախազի ներկայացրած միջնորդությունը՝ ևս 3 ամսով երկարաձգել Ալեքսանյանի կալանքի ժամկետը՝ հայտարարելով, թե նվազ կամ այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
«Մենք ականատես եղանք մեխանիկական աշխատանքի, քանի որ մեղադրանքի կողմի մեր գործընկերներն անգամ ջանք չգործադրեցին ասելու, թե ինչ էր անելու Արմեն Ալեքսանյանը»,- նշեց պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը՝ սկսելով իր պաշտպանական ելույթը։
Նա հավելեց՝ իրականում կալանքը սարսափելի երևույթ է ոչ թե կալանավորի, այլ նրա ընտանիքի համար։
«Դուք կալանավորել եք Արմեն Ալեքսանյանին, որն ունի 3 երեխա, որն ընդամենը տաքսի է վարում և դրանով հոգում իր ընտանիքի կարիքները, որի հայրը ստենտավորված է 7 անգամ»,- նշեց Կոչուբաևը։
Նա միջնորդեց Ալեքսանյանի նկատմամբ կիրառել բացակայելու արգելք՝ համակցված վարչական հսկողության հետ, որը թույլ կտա Ալեքսանյանին շարունակել տաքսի վարել և բավարարել ընտանիքի կարիքները, քանի որ նրա ընտանիքը եկամտի այլ աղբյուր չունի։ Կոչուբաևը հավելեց՝ եթե, այնուամենայնիվ, դատարանն ավելի խիստ խափանման միջոց նախընտրի կիրառել, գոնե տնային կալանքն ընտրի՝ այդպիսով պաշտպանելով Ալեքսանյանի 3 անչափահաս երեխաներին հոգեբանական այն վիճակից, որում հայտնվել են հոր բացակայության պայմաններում։
Նշենք՝ Արմեն Ալեքսանյանի դեմ ներկայացված ապացույցը, ըստ պաշտպանի, TikTok-ի այն տեսանյութն է, որում Ալեքսանյանը ձվածեղ է պատրաստում։
«Ամբողջ գործի ընթացքում Արմեն Ալեքսանյանը` որպես ֆիգուրանտ, կա երկու անգամ. մեկ անգամ ընդհանուր խոսակցության է մասնակցում (գաղտնալսման արձանագրություններ– խմբ․) և խոսում է «գզգզված մազերով չուչելի» մասնակցությամբ լայֆ իրականացնելու մասին, և իր տիկտոկյան էջի ձվածեղի պատրաստման տեսանյութն է»,- նախորդ դատական նիստերից մեկում ասել էր Կոչուբաևը։
Հիշեցնենք` իշխանազավթման գործով մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում` Բագրատ սրբազանին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։