Հորը դանակահարած ու տնային կալանքում գտնվող անչափահաս տղան կրթությունն առցանց է ստանում

Նա հորից առանձնացված է` գտնվում է Երևանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Վանաձորում հորը դանակահարած տղան 16 տարեկան է։ Sputnik Արմենիան տեղեկացավ, որ հայրը թեթև վնասվածք է ստացել` առողջության կարճատև քայքայումով։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերին որդու կողմից հոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Տղայի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։
Sputnik Արմենիան արդեն հայտնել էր, որ թեև խափանման միջոցը տնային կալանքն է, սակայն անչափահասը հորից առանձնացված է։ Նրա փաստաբան Հայկ Յաղուբյանից հետաքրքվեցինք, թե տնային կանալքի պարագայում ինչպե՞ս է իրացվում անչափահասի կրթության իրավունքը։

«Տղան գտնվում է Երևանում` վարձակալած բնակարանում, որը այս դեպքով չէ, որ վարձակալել են, իսկ հայրն իր տանն է։ Կրթության հարցը դատարանը քննարկել է, և նա հանրակրթական ծրագրով օնյալն ստանում է կրթությունը»,– պարզաբանեց փաստաբան Հայկ Յաղուբյանը։

Հիշեցնենք` ըստ մեղադրական եզրակացության` անչափահաս որդին հոր կողմից մորը պարբերաբար վիրավորանքներ հասցնելու և նախկինում ծեծի ենթարկելու պատճառով վրեժխնդիր լինելու շարժառիթով, խոհանոցային դանակով մեկ տասնյակից ավելի հարվածներ է հասցրել քնած վիճակում գտնվող հոր մարմնի տարբեր մասերին, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել՝ վերջինիս արթնանալու և դանակը որդու ձեռքից խլելու պատճառով։