ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik․ Այսօր ժամը 19։00–ի սահմաններում վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում` Լճաշեն գյուղի մոտ. կա 5 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 19։09-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բախվել են «Վազ», «Ֆորդ» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժածները հոսպիտալացվել են։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Նշենք, որ ըստ shamshyan.com–ի` «Վազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։