Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Եվրոպայում նախազգուշացնում են Ուկրաինայի մոտալուտ պարտության մասին. ՌԴ ԱՀԾ

Արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ Բրյուսելը մեծ ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում համատարած կոռուպցիայի դրսևորումներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Եվրոպացի վերլուծաբանները կանխատեսում են Ուկրաինայում «հակա-Ռուսաստան» պլանի հնարավոր ձախողում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն:
«Եվրոպայի առաջատար պետությունների արտաքին քաղաքական և ռազմական գերատեսչությունների փորձագետները բառացիորեն ահազանգում են՝ նախազգուշացնելով ազգային կառավարություններին Ուկրաինայում Արևմուտքի կողմից ստեղծված «հակա-Ռուսաստան» նախագծի փլուզման մասին։ Բարձր կաբինետներ ուղարկվող զեկույցներում ուղղակիորեն նշվում է Կիևի ռեժիմի ռազմական ջախջախման անխուսափելիությունը», - ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Բրյուսելը մեծ ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում համատարած կոռուպցիայի դրսևորումներին, որտեղ արտասահմանյան շռայլ նվիրատվությունները հաճախ պարզապես անհետանում են: ԱՀԾ տեղեկությամբ՝ եվրոպական առաջնորդները և Եվրամիության ղեկավարությունը չեն կարող հանդուրժել հարյուրավոր միլիարդավոր եվրոների կորուստը, որոնք ներդրվել են Կիևի իշխանություններին աջակցելու համար: Միևնույն ժամանակ, ուկրաինացիները դավաճանված լինելու զգացողություն ունեն՝ կապված Վլադիմիր Զելենսկու զինակից Թիմուր Մինդիչի սկանդալի հետ։
«Նրանք դադարել են հավատալ, որ երկիրը տեսանելի ապագայում կընդունվի ԵՄ», - իր հաղորդագրության մեջ հավելում է գերատեսչությունը։
Բացի այդ, եվրոպական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները նշում են, որ հակամարտության ձգձգվածությունից հոգնած Ուկրաինայի քաղաքացիները ապատիայի մեջ են:
«Հասարակ բնակիչները գիտակցում են, որ պետությունը թաղված է կոռուպցիայի մեջ, ուստի Կիևի կարիքների համար զգալի միջոցներ հատկացնելու հակառակորդների թիվն աճում է։ Բացի Հունգարիայից և Սլովակիայից, այս դիրքորոշմանը սկսում են հակվել Չեխիան և Ռումինիան։ Այսպիսով, Ուկրաինայի քաղաքական կշիռը Եվրոպայում նվազում է։ Ուկրաինացիները եվրոպացի գործընկերներին ավելի ու ավելի քիչ են ընկալում որպես փրկության և աջակցության եղանակ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 10-ին Ուկրաինայի Հակակոռուպցիոն բյուրոն էներգետիկ ոլորտում կոռուպցիոն սխեմաների բացահայտման նպատակով սկսել էր լայնածավալ հատուկ գործողություն: Հրապարակվեցին խուզարկությունների ժամանակ հայտնաբերված՝ արտարժույթի տուփերով լի պայուսակների լուսանկարներ։
Ավելի ուշ բյուրոն հրապարակեց էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի գործով ձայնագրությունների հատվածներ, որոնցում հայտնված էին տարբեր մականուններով երեք մարդ: Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի տվյալներով՝ դրանցից Կարլսոնը Թիմուր Մինդիչն է, Տենորը՝ «Էներգոատոմի» ներկայացուցիչ Դմիտրի Բասովը, Ռոկետը՝ էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոյի խորհրդական Իգոր Միրոնյուկը:
Զախարովան Ուկրաինայում կոռուպցիայի մասին լուրերը «հերթական պայթած թարախակույտ» է անվանել
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին Գերագույն ռադայի պատգամավորները Գերման Գալուշչենկոյին պաշտոնանկ են արել արդարադատության նախարարի պաշտոնից:
Ռադան նաև պետք է հաստատի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկի պաշտոնանկությունը։
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Մինդիչի և նրա գլխավոր ֆինանսիստ Ալեքսանդր Ցուկերմանի դեմ։