ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Ստամբուլում այսօր կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև: Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, հանդիպումը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում է եղել։
«Հանդիպման ընթացքում կողմերըկարծիքներ են փոխանակել Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաև գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարեւորության վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպում Ստամբուլում
© Photo : official site of the Parliament of RA
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Հանդիպման մասնակիցները կարևորել են միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության ստեղծումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հոկտեմբերի 21–ին հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ և քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։