ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստվում է բարձրաձայնել բոլոր այն կառուցապատողների անունները, որոնք փոշեկլանիչ ցանցեր չեն տեղադրում կամ դա անում են ոչ պատշաճ կերպով։ Այս մասին նա հայտարարեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Հաշվետու ժամանակահատվածում Երևանում շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է թվով 106 արձանագրություն։ Դրանք կազմվել են փոշեկլանիչ ցանցերի, ինչպես նաև օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքերով։ Նախորդ շաբաթվա համեմատ՝ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 21-ով։
«Այս շաբաթվա ընթացքում ինձ ցանկ տվեք բոլոր այն կառուցապատողների, ում նկատմամբ ամենաշատ արձանագրություններն են կազմվել փոշեկլանիչ ցանցերի բացակայության առումով։ Հաջորդ շաբաթ արդեն բարձրաձայնելու ենք։ Կարծում եմ, որ պարբերաբար կհնչեցնենք այն կառուցապատողների անունները, որոնք չարամտորեն շարունակում են ցանցերի տեղադրումից խուսափել։ Նրանց անուններն անհատապես պետք է բարձրաձայնվեն, նույնիսկ, եթե դա շատ երկար տևի»,- ընդգծեց Ավինյանը։
Նրա խոսքով՝ այդպիսով քաղաքացիները կիմանան, թե ումից են տուն գնում և ինչ պատասխանատվության ընկերություններ են դրանք։ Վստահ է՝ այդ ամենից հետո տվյալ կառուցապատողները շատ երկար կսկսեն մտածել։