Ընտրությունը կատարեցինք աղոթքով․ Ամենայն հայոց կաթողիկոսը ևս քվեարկեց Վաղարշապատում

Վեհափառն ընտրատեղամաս եկավ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և այլ հոգևորականների ուղեկցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն րոպեներ առաջ առավոտյան քվեարկեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում։ 14/11 ընտրատեղամաս նա եկավ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի և այլ հոգևորականների ուղեկցությամբ։
«Ընտրությունը կատարեցինք աղոթքով՝ հայցելով, որ ընտրությունն արդար ընթացք ունենա, և Վաղարշապատ քաղաքը բարգավաճի, շենանա և պարգևի մեր այստեղ ապրող ժողովրդին բարօր կյանք, երջանիկ ապագա»,- ասաց վեհափառը քվեարկությունից հետո news.am-ի հետ ճեպազրույցում։
Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում (Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրեր) ավագանու ընտրություններ են։ 47 ընտրատեղամասերը բացվել են ժամը 08:00-ին։ Մասնակցում են 8 քաղաքական ուժեր։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 69 866 մարդ: Ընտրությունների ընթացքին հետևում է 6 դիտորդական կազմակերպություն։
Վաղարշապատի ընտրությունները կարևոր են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող թիմի համար մի շարք պատճառներով, այդ թվում՝ իշխանության և եկեղեցու միջև սրված հակասությունների համատեքստում։ Էջմիածինը Հայաստանի հոգևոր մայրաքաղաքն է, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հայտարարում է «վեհարանն ազատագրելու» մասին, բարձրաստիճան 3 հոգևորականներ անազատության մեջ են, տասնյակ հոգևորականներ քրեական վարույթներում ներգրավված են տարբեր կարգավիճակներով։