«Ռեժիմին թույլատրված է ամեն ինչ, ընդդիմությանը՝ ոչինչ»․ ՀՀԿ–ն՝ նոր կալանավորումների մասին

ՀՀԿ-ն դիմում է միջազգային հանրությանը և կոչ անում Սամսոնյանին և Սաղաթելյանին ճանաչել որպես քաղբանտարկյալներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մտահոգ է գործող իշխանությունների կողմից ժողովրդավարական ինստիտուտները քանդելու և ընդդիմությանը բոլոր հնարավոր ձևերով ճնշելու ապօրինի գործողություններով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ Գերագույն մարմինը՝ անդրադառնալով «Անտիֆեյքի» համահիմնադիրներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի կալանավորմանն ու լրագրող Դավիթ Ֆիդանյանի ձերբակալությանը։
ՀՀԿ-ն նշում է, որ քաղաքական կյանքում արմատավորվում է «ռեժիմին թույլատրված է ամեն ինչ», իսկ «ընդդիմությանը՝ ոչինչ» արատավոր սկզբունքը, որն իր դրսևորումն է ստանում անգամ իշխանության ներկայացուցիչների կողմից ամենաանպարկեշտ և հանրային բարոյականության նորմերը խախտող դրվագներում։
«ՀՀԿ-ն աներկբա հայտարարում է, որ լրագրողներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և Դավիթ Ֆիդանյանի վերջին ձերբակալությունները հանդիսանում են քաղաքական հետապնդման բացահայտ ակտ, իսկ ակնհայտ կեղծ մեղադրանքների հիման վրա իրականացված կալանքը նրանց դասում է Հայաստանում օրեցօր աճող քաղբանտարկյալների թվին»,- նշված է հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ ռեպրեսիվ գործողություններն ուղղված են ընդդիմադիր հարթակների ոչնչացմանը։
Կուսակցությունը դիմում է միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր համապատասխան մարմիններին՝ վերջ տալ ամոթալի լռությանն ու երկակի ստանդարտներով ղեկավարվելուն:
«Մենք կոչ ենք անում նրանց.
·Պաշտոնապես ճանաչել նշված անձանց որպես քաղբանտարկյալներ:
·Բացահայտորեն դատապարտել Հայաստանի իշխանություններին՝ հիմնարար ազատությունների համակարգային խախտումների համար:
·Կիրառել գործուն, ներառյալ՝ թիրախային պատժամիջոցներ, այն պաշտոնյաների և դատավորների նկատմամբ, որոնք մասնակից են այդ ճնշումներին»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` նոյեմբերի 13-ի առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալել նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ են արվել, առգրավվել է ամբողջ տեխնիկան։ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվել են։
Որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը, որը հայտնի է մի շարք հնչեղ գործերով, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանին, ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին կալանավորելու իր որոշումներով, հունիսին նրա որոշմամբ 2 ամսով կալանավորվեցին նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։