ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. «Dodge» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց պողոտայում բախվել է Երևանյան լճի հարևանությամբ գտնվող «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը, ինչի հետևանքով կա 5 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
«Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին, ժամը 17:00-ի սահմաններում: Վթարի հետևանքով 5 հոգի, որից 2-ը անչափահաս են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,- գրում է կայքը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ըստ կայքի՝ պարեկային ծառայությունը տեղեկություն է ստացել, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, որը հետո հեռացել է դեպքի վայրից: