Երևանում «աղոթքի նախաճաշի» «տակը կպել է»․ հոգևորականներին ազատ արձակելու կոչեր են հնչում

Ամերիկահայ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյան
Միջազգային կրոնական գործիչները մտահոգված են հայ հոգևորականների ձերբակալություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի- Sputnik. Նոյեմբերի 14-15-ը ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «աղոթքի նախաճաշի» մասնակիցները երկրի ղեկավարությանը կոչ են արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին:
Ամերիկահայ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանն իր ելույթում մասնակիցներին հիշեցրել է, որ իր հոգևորական եղբայրներից երեքը բանտում են, և թվարկել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Միքայել Աջապահյանի և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անունները:
«Նրանք բոլորը բանտարկված են Հայաստանի կառավարության կողմից»,-դահլիճում ասել է քահանան (իր ելույթը նա տեղադրել է Twitter-ում)։
Ձերբակալված եպիսկոպոսներին աջակցության խոսք է ասել նաև ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը։
«Ես շատ մտահոգված եմ Հայաստանում հոգևորականների ձերբակալությունների մասին հաղորդագրություններով։ Իշխանություններին կոչ եմ անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը և ազատ արձակել նրանց»,-նշել է նա։
Իսկ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելկամպը դեռ նախօրեին տեսաուղերձ էր ձայնագրել Հանրապետության հրապարակից՝ կոչ անելով իրենց հնարավորություն տալ տեսակցել ձերբակալված հայ հոգևորականներին: Վելկամպը հայտարարել էր, որ ինքն ու մյուս մասնակիցները Հայաստան են ժամանել երկրում առաջին ազգային աղոթքի նախաճաշին, բայց կրոնական ազատության հետ կապված իրավիճակը «այնքան էլ ուրախալի չէ»:
«Հայաստանի կառավարությունը բանտարկել է Հայ եկեղեցու մի քանի եպիսկոպոսների և քահանաների, ինչպես նաև եկեղեցու տասնյակ կողմնակիցների՝ քաղաքական դրդապատճառներով, ինչպես պնդում են տեղի իրավապաշտպան խմբերը: Եվ միայն այսօր երեք փոդքասթերներ են ձերբակալվել (նկատի ունի «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներին և Antifake պարբերականի լրագրողին- խմբ.)։ Մենք ուրախ ենք, որ այստեղ ենք, բայց մի քանի հարց ունենք»,-ասել է նա իր ուղերձում։
Ավելի վաղ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը մտահոգություն էր հայտնել Երևանում «աղոթքի նախաճաշի» անցկացման կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունների նախաձեռնության նպատակն է շեղել ուշադրությունը կառավարության շարունակական հակաժողովրդավարական գործողություններից և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ համակարգված ճնշումներից:
Միջոցառմանը հրավիրված հոգևոր և քաղաքական գործիչներին ՀՅԴ-ն կոչ էր անում վերագնահատել իրենց մասնակցությունը՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները: Բայց եթե նրանք այնուամենայնից կորոշեն մասնակցել, կոմիտեն խորհուրդ է տալիս վերահաստատել իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և դավանանքի ազատությանը, հրապարակայնորեն դատապարտել Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևորականների հետապնդումները, փորձել հանդիպել կալանավորված հոգևոր և քաղաքական գործիչների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի հետ, այցելել Մայր Աթոռ Ս. Էջմիածին և հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: