Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Նովոռոսիյսկի նավահանգստում նավ է վնասվել. տուժածներ կան

Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն ավելի վաղ հայտնել էր, որ գրոհը հետ է մղվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով Նովոռոսիյսկի նավահանգստում քաղաքացիական նավ է վնասվել, երեք մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։
Ավելի վաղ քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն հայտնել էր, որ քաղաքի վրա ԱԹՍ-ների գրոհը հետ է մղվել։
Ըստ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի` հարձակման հետևանքով նավթաբազա է վնասվել, բնակելի շենքերի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով մեկ մարդ վնասվածքներ է ստացել։
«Նովոռոսիյսկի վրա զանգվածային հարձակման հետևանքով ԱԹՍ-ի բեկորները վնասել են նավահանգստում գտնվող քաղաքացիական նավերից մեկը։ Նախնական տեղեկություններով՝ նավի անձնակազմից երեք մարդ է տուժել։ Նրանց հոսպիտալացրել են, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։