ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին նույնպես ձերբակալեցին։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Հայտնել էինք, որ վաղ առավոտից դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ։
Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են դիմակավորված անձինք Սաղաթելյանին ձեռնաշղթաներ հագցրել ու նստեցնում մեքենա։
Մինչ այդ Բաբայանին թույլ չեն տվել մտնել տուն, որտեղ խուզարկություն էր իրականացվում։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը նույնպես ձերբակալված է, նրան էլ են տարել ՀՀ քննչական կոմիտե։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Antifake-ի գրասենյակում նույնպես խուզարկություններ են, առգրավվել է ողջ տեխնիկան։