ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայում փորձագետներն ուսումնասիրում են այն վարկածը, որի համաձայն` Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող է խոցված լինել, հայտնել է կառավարամետ թուրքական «Hürriyet» թերթի կառավարական շրջանակների հետ սերտ կապեր ունեցող սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 11–ին Վրաստանի տարածքում կործանվել է «Lockheed C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռը, որի հետևանքով 20 զինվորական է զոհվել։ Անկարան համակարգում է որոնողափրկարարական գործողությունները Թբիլիսիի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ վթարի պատճառների հետաքննությունը կիրականացվի հատուկ մանրակրկտությամբ։
«Մեր ինքնաթիռը կործանվե՞լ է, թե՞ խոցվել։ Այս հարցի շուրջ մանրակրկիտ հետաքննություն է ընթանում։ Ուսումնասիրվում է ինչպես ինքնաթիռի անկման հավանականությունը, այնպես էլ այն խոցելու», –այսօր գրել է Սելվին իր սյունակում։
Նա նաև նշել է, որ Կովկասը «անհանգիստ տարածաշրջան» է։ Ուստի ուսումնասիրվում են հնարավոր բոլոր տարբերակները։
Հիշեցնենք` նոյեմբերի 11–ին Վրաստանի տարածքում` վրաց-ադրբեջանական սահմանից 5 կմ հեռավորության վրա, «C-130 Hercules» ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը վերադառնում էր Ադրբեջանից, որտեղ թուրք զինվորականները նոյեմբերի 9–ին մասնակցում էին Արցախի օկուպացմանը նվիրված շքերթին։
Ինքնաթիռում եղել է 20 մարդ` անձնակազմի 4 անդամ և Թուրքիայի ՌՕՈւ 16 սպաներ։ Բոլորը մահացել են։