Տնային կալանք. «Սրբազան պայքարի» գործով անցնող Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

Դատավորը կարծում է, որ կալանքի հիմքերը նվազել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի կալանքը փոխվեց տնային կալանքով։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը։
Օգոստոսի 22–ին Իգոր Սարգսյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվել էր։
«Կալանքի հիմքերը նվազել են այնքան, որ համակցված այլընտրանքային խափանման միջոցը բավարար է։ Նոյեմբերի 25–ից հետո, երբ լրանա կալանքի ժամկետը, կիրառել տնային կալանք, բացակայելու արգելք և գրավ 2 մլն դրամ»,– ասաց Ֆարխոյանը։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ սրբազանը, որի կալանքի ժամկետն այսօր 3 ամսով երկարաձգվեց։