Իրանի և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են ՄԱԳԱՏԷ-ի հետ Թեհրանի համագործակցությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ՌԴ գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը. Արխիվային լուսանկար
Թեհրանն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է քննարկել ՄԱԳԱՏԷ-ի հետ նոր պայմանավորվածության վերաբերյալ առաջարկները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ՌԴ գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Թեհրանի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ:
«Կողմերը, խոսելով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի առաջիկա նիստի մասին, մտքեր են փոխանակել գործակալության հետ Իրանի համագործակցության վերաբերյալ»,-ասված է Արաղչիի տելեգրամյան ալիքով տարածված հաղորդագրության մեջ:
Նախարարները Պակիստանի և Աֆղանստանի միջև հակամարտության ֆոնին կարևորել են Մերձավոր և Միջին Արևելքի պետությունների, ինչպես նաև Ռուսաստանի միջև խորհրդատվությունների շարունակումը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով:
Արաղչին մատնանշել է Գազայի նկատմամբ միջազգային վերահսկողություն հաստատելու՝ ՄԱԿ-ում դիտարկվող ծրագրերի հակասությունը Պաղեստինի ժողովրդի անկախության և ինքնորոշման սկզբունքներին:
Հեռախոսազրույցի ավարտին Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ և տարածաշրջանային խորհրդակցությունները շարունակելու պատրաստակամությունը, ինչպես նաև մատնանշել հավաքական անվտանգության ապահովման գործում Մոսկվայի և Թեհրանի համագործակցության դերը:
Հոկտեմբերի 11-ին Արաղչին հայտարարել էր, որ Իրանը սառեցրել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագրի կատարումը, որը սեպտեմբերին կնքվել էր Եգիպտոսում և որոշում էր միջազգային կառույցի հետ Իրանի փոխգործակցության ուրվագծերը՝ հաշվի առնելով իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածները: Նման որոշումը կապված է Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վերականգնման հետ։ Միաժամանակ Թեհրանում նշել են, որ պատրաստ են քննարկել ՄԱԳԱՏԷ-ի հետ նոր պայմանավորվածության վերաբերյալ առաջարկները։ Ընդ որում, գործակալության հետ փոխգործակցության ձևաչափը որոշում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:
ՄԱԳԱՏԷ-ն ստուգումներ չի իրականացնում Իրանում, դրանցից վերջինը եղել է «Բուշեր» ԱԷԿ-ում. ԱԳՆ