ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Վրաստանի սահմանին կործանված թուրքական «C-130» ռազմական ինքնաթիռն անհետացել է ռադարներից՝ առանց աղետի մասին ազդանշան տալու։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստանը՝ վկայակոչելով «Սակաերոնավիգացիա»-ին։
Ավելի վաղ «Իմեդի» հեռուստաալիքը հրապարակել էր ինքնաթիռի կործանման տեսանյութը: Ըստ առկա տեղեկությունների՝ ինքնաթիռում գտնվող թուրք զինվորականները զոհվել են։
Ինքնաթիռը կործանվել է լեռներում, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար վրացական կողմը ուղարկել է «Airbus Helicopters H125» փրկարարական ուղղաթիռը, քանի որ այլ եղանակով հնարավոր չէ մոտենալ կործանման վայրին։
Ինչպես հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն, թուրքական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սիղնաղի համայնքի տարածքում՝ Ադրբեջանի հետ պետական սահմանից 5 կմ հեռավորության վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռն Ադրբեջանից ուղևորվում էր Թուրքիա։
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ» հոդվածի հատկանիշներով: