Ստամբուլի նախկին քաղաքապետին 2352 տարվա ազատազրկում է սպառնում

Էքրեմ Իմամօղլուն գալիք ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցն էր լինելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik․ Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, 2352 տարվա ազատազրկում է սպառնում։ Տեղեկությունը հայտնում է TRT Haber-ը։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հրապարակել է այս տարվա մարտին կալանավորված նախկին քաղաքապետի` Էքրեմ Իմամօղլուի դեմ մեղադրական եզրակացությունը: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ստամբուլի նախկին քաղաքապետի գործում 402 մարդ է ներգրավված, որոնցից 105-ը ձերբակալված են: Դատախազության եզրակացությունը բաղկացած է 3900 էջից, դրանում կան հանցավոր կազմակերպություն ստեղծելու, կաշառքի և խարդախության մեղադրանքներ: Իմամօղլուին անվանում են «հանցավոր կազմակերպության հիմնադիր և առաջնորդ», նրան մեղսագրվում է 142 հանցագործություն:
Իմամօղլուի գործունեության հետևանքով հասցված վնասը գնահատվում է մոտ 160 մլրդ թուրքական լիրա (մոտ 3,7 մլրդ դոլար) և 24 մլն դոլար: Ստամբուլի դատախազությունը նրա համար պահանջել է 828 տարի երկու ամսից մինչև 2352 տարվա ազատազրկում։
Ստամբուլի քաղաքապետարանի կոռուպցիայի գործով 10 մարդ է ձերբակալվել. ԶԼՄ
Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է 2025 թվականի մարտի 19-ին, մարտի 23-ին նա կալանավորվել է։ Այն ժամանակ նրան մեղադրել էին սահմանադրական կարգի դեմ ոտնձգության, հանցավոր կազմակերպություն ստեղծելու և Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ) աջակցելու մեջ։
Էքրեմ Իմամօղլուն համարվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը 2027 թվականին կայանալիք ընտրություններում։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նրա գործն անվանել է «քաղաքական դրդապատճառներով հետաքննությունների» օրինակ։
Ձերբակալությունից քիչ առաջ Ստամբուլի համալսարանը գլխավոր դատախազության պահանջով չեղարկել է Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը՝ դրանով իսկ փաստացի զրկելով նրան նախագահի թեկնածու առաջադրվելու հնարավորությունից. ըստ օրենքի՝ նախագահական ընտրություններին կարող են մասնակցել միայն բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ:
Էրդողանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների համար Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել
Սեպտեմբերին այս գործով լսումներից մեկի ժամանակ Ստամբուլի նախկին քաղաքապետը հայտարարել էր, որ իր մեղադրական եզրակացության վրա աշխատել է ոչ թե դատախազը, այլ «մի մարդ, ով գիտեր, որ իրեն հաղթելու են հաջորդ ընտրություններում»՝ ակնարկելով, ըստ ամենայնի, Էրդողանին: