ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Երիտասարդների և անչափահասների շրջանում տարածվող նոր թրենդը, որին հետևողները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով պարային շարժումներ են անում, բարձր ռիսկայնություն ունի։ Այս մասին զգուշացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ անչափահասներն ու երիտասարդները քաղաքի փողոցները մատնանշող ցուցանակներից բռնվելով՝ կատարում են պարային շարժումներ։ Նշված գործողությունները կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ՝ նախևառաջ վտանգելով դրանք իրականացնողների առողջությունը, պատճառելով տարբեր վնասվածքներ։ Բացի այդ, կարող է վնասվել պետական գույքը, ինչն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»,- ասված է հաղորդագրությունում։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման գործողություններից՝ խուսափելով անցանկալի հետևանքներից։