ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Բաքուն խաղաղության պայմանագրի մասով անընդունելի նախապայման է առաջ քաշում, բայց փակուղային իրավիճակ չէ։ Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Այս պահին չեմ կարող ասել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ օր կա։ Տեքստը պատրաստ է, դրա շուրջ այլևս բանակցություններ չեն ընթանում։ Մեր ակնկալիքն այն է, որ հնարավորինս շուտ ստորագրենք այն։ Ադրբեջանը նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի ու լեգիտիմ նախապայման չէ»,- նշեց Խանդանյանը։
Նրա կարծիքով՝ դիվանագիտական ջանք ներդնելով ու բանակցելով հնարավոր կլինի արդյունքի հասնել։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են յոթ կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Հավելենք նաև, որ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրման նախապայման է համարում ու պարբերաբար այդ մասին բարձրաձայնում ՀՀ սահմանադրության փոփոխությունը։