ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանում) հետախուզությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապ ունեցող գործակալների «ցանց» է վերացրել։ Ինչպես հայտնում է Sepah News-ը, այս մասին հայտնում է ԻՀՊԿ–ի մամուլի ծառայությունը։
«ԻՀՊԿ–ի հետախուզության ձեռնարկած գործողությունների ընթացքում... հայտնաբերվել և չեզոքացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի լրտեսական հատուկ ծառայությունների կողմից համակարգվող ահաբեկչական ցանց»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է գործակալությունը, Թել Ավիվը, հաջողության չհասնելով այս տարվա հունիսին Իրան-Իսրայել հակամարտության սուր փուլում, նպատակ է դրել խաթարել անվտանգությունն Իրանի ներսում, ինչի համար աշնան երկրորդ կեսին դիմել է գործակալների «ցանց» ստեղծելուն։ Սակայն, ըստ Sepah News-ի, ԻՀՊԿ–ի հետախուզությունը բացահայտել և ձերբակալել է «ցանցի» անդամներին, որոնք երկրի մի քանի նահանգներում գործողություններ էին ծրագրում։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը գործողություն սկսեց Իրանի դեմ՝ մեղադրելով նրան գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ։ Օդային ռմբակոծությունների ու դիվերսիոն խմբերի ռեյդերի թիրախները ատոմային օբյեկտներն էին, ավիաբազաները, բանակի բարձրագույն հրամանատարությունը և ականավոր միջուկային ֆիզիկոսները։